Բժիշկներ
Հոբելյանական տարեթվեր
1735թ., 275 տարի առաջ, Նոր Ջուղայում ծնվել է XVIII դարի ճանաչված բժիշկ Պետրոս Քալանթարյանը: 1751թ. մեկնել է Ռուսաստան, մինչև 1760թ. ապրել Աստրախանում:
Այնուհետև տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ ընդունվել է հոսպիտալային դպրոց (հետագայում` ռազմաբժշկական ուսումնարան), որը հիմնականում պատրաստում էր բժիշկներ ռուսական բանակի և ռազմածովային նավատորմի համար: 1764թ. ավարտել է դպրոցը և մինչև 1773թ. ծառայել որպես գնդի բժիշկ, մասնակցել մարտական գործողությունների, ապա թողնելով զինվորական ծառայությունը, մեկնել է Մոսկվա, որտեղ երկար տարիներ զբաղվել է բժշկական մասնավոր գործունեությամբ, ձեռք բերել փորձ և հմտություն: Հետագայում` 1789թ., ավելի քան 25-ամյա գործունեությունից հետո Մոսկվայում գրել է «Համառոտ բժշկարան» հայտնի աշխատությունը, որը հրատարակվել է 1793թ., Նոր Նախիջևանում: Դա հայկական առաջին տպագիր բժշկարանն է: Քալանթարյանի մահվան տարեթիվն անհայտ է:
1815թ., 195 տարի առաջ, Թիֆլիսում ծնվել է ախտաբան Դավիթ Ռոստոմյանը: 1840թ. ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը, վերադարձել Անդրկովկաս և Բաքվում աշխատել որպես բժիշկ: 1843թ. մասնակցել է Շամախիում բռնկված խոլերայի դեմ պայքարին: 1859-ից մինչև կյանքի վերջն աշխատել է որպես նահանգային բժիշկ: Զբաղվել է նահանգի բժշկատեղագրական և սանիտարական վիճակի ուսումնասիրությամբ: Մեծ նշանակություն է տվել կենցաղի բարելավմանը, հիվանդածին գործոնների դեմ պայքարին, օրգանիզմի կոփմանը: Զբաղվել է ակտիվ հասարակական գործունեությամբ: 1864թ. հիմնել է Հայոց մարդասիրական ընկերությունը, որի նպատակն էր բնակչության շրջանում ծավալել կուլտուր-լուսավորչական և հասարակական գործունեություն: Հեղինակ է մի շարք աշխատությունների: Դ.Ռոստոմյանը իր ժամանակի ճանաչված բժիշկներից մեկն էր: Մահացել է 1868թ., Բաքվում:
1815թ., 195 տարի առաջ, Կոստանդնուպոլսում ծնվել է անվանի բժիշկ և հասարակական գործիչ Սերվիչենը (Սերովբե Վիչենցյան): 1834թ. ընդունվել է Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետը: Ավարտելուց մեկ տարի առաջ տեղափոխվել է Պիզա (Իտալիա), որտեղ 1840թ. բժշկի կոչում ստանալուց հետո վերադարձել է Փարիզ և 2 տարի կատարելագործվել որպես ուրոլոգ: Որոշ ժամանակ աշխատել է Անգլիայի և Իտալիայի բժշկական ուսումնական հաստատություններում: 1842թ. վերադարձել է Կ.Պոլիս, որտեղ արագ ձեռք է բերել մեծ հեղինակություն: 1846-ից, շուրջ 30 տարի, Կ.Պոլսի բժշկական դպրոցում ղեկավարել է դատական բժշկության ամբիոնը և դասավանդել ներքին հիվանդություններ առարկան: Եղել է Պոլսի բժշկական ընկերության հիմնադիրներից մեկը, քաղաքային բժշկական բարձրագույն խորհրդի նախագահը, Ազգային ժողովի անդամ, ուսումնական խորհրդի ատենապետ, մասնակցել է ազգային սահմանադրության մշակմանը: Բազմաթիվ գիտական աշխատանքների հեղինակ է: Ծառայությունների համար թուրքական կառավարության կողմից արժանացել է պարգևների և մեծարման, իսկ 1888թ. նրա անունը մտել է նշանավոր մարդկանց ֆրանսիական համաշխարհային հանրագիտարանի մեջ: Մահացել է 1897թ., Կ.Պոլսում:
1825թ., 185 տարի առաջ, Ադրիանապոլսում ծնվել է վեներաբան, բժշկության դոկտոր, պրոֆեսոր Հովսեփ Բեյրանը: 1844թ. ընդունվել է Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետը: Դեռևս ուսանողական տարիներին զբաղվել է գիտական աշխատանքով: 1850թ. պաշտպանել է ատենախոսություն և ստանալով բժշկական դոկտորի վկայական, մեկնել Կ.Պոլիս: Աշխատել է որպես վիրաբույժ և վեներաբան ծովային զինվորական հոսպիտալում, ապա Սուրբ Փրկիչ հայկական ազգային հիվանդանոցում: 1854թ. ընտրվել է Փարիզի թուրքական դեսպանատան բժիշկ: 1858թ. նրան շնորհվել է Պատվո լեգիոնի ասպետի շքանշան: Նույն թվականին ընտրվել է Պոլսի կայսերական բժշկական ընկերության թղթակից անդամ, 1862 և 1864թթ.` Փարիզի 2 բժշկական ակադեմիաների անդամ: Հեղինակ է մի շարք արժեքավոր գիտական աշխատությունների: 1864թ. ընտրվել է բժշկական ֆակուլտետի պրակտիկ դպրոցի ՙազատ պրոֆեսոր՚: Նրա կողմից առաջարկվել է միզկահատ գործիք (ուրետրոտում) և վեներական հիվանդությունների դեմ դեղապատրաստուկ, որը մտել է ֆրանսիական ֆարմակոպեայի մեջ: Մահացել է 1866թ.:
1835թ., 175 տարի առաջ, Կոստանդնուպոլսում ծնվել է անվանի վիրաբույժ և հասարակական գործիչ Միքայել Խորասանջյանը: 1859թ. ավարտել է Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետը և վերադարձել Կ.Պոլիս: Սկզբնական շրջանում զբաղվել է մասնավոր պրակտիկայով: 1866թ. ընտրվել է կայսերական բժշկական ընկերության անդամ: 1873-1902թթ. դասավանդել է Պոլսի բժշկական բարձրագույն դպրոցում: Հեղինակ է տպագիր և ձեռագիր մի շարք բժշկական տեղեկագրերի և հոդվածների: Զբաղեցրել է պետական կարևոր պաշտոններ, եղել է սուլթան Համիդի պալատական վստահելի բժիշկը: Հանդիսացել է բազմակողմանի զարգացած, ժամանակի առաջադեմ բժիշկներից մեկը, տիրապետել է մի քանի օտար լեզուների: Մեծանուն բժիշկը նաև ակտիվ ազգային և հասարակական գործիչ էր: Մահացել է 1903թ., Կոստանդնուպոլսում:
1865թ., 145 տարի առաջ, Երևանում ծնվել է ճանաչված վիրաբույժ Հովհաննես Հովհաննիսյանը: 1891թ. ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը: Երկու տարի աշխատել է Մոսկվայի նահանգի հիվանդանոցում, ապա տեղափոխվել է Հայաստան: Սկզբնական շրջանում վիրաբույժ է աշխատել Ղամարլու գյուղի հիվանդանոցում, իսկ 1895-ին նշանակվել է Երևանի քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժիշկ և աչքի հիվանդությունների ու վիրաբուժական բաժանմունքների վարիչ: 1899-ին կատարելագործվել է Մոսկվայում, իսկ 1904-ին` Եվրոպայում: 1911թ. Երևանում բացել է սեփական 10-մահճակալանոց վիրաբուժական հիվանդանոց և նրան կից` ամբուլատորիա: Եղել է նաև ակտիվ հասարակական գործիչ: Վարել է դպրոցական բժշկի պաշտոնը, ղեկավարել Կովկասի հայոց բարեգործական ընկերության Երևանի բաժանմունքը, քաղաքների միության Երևանի կոմիտեի բժշկական բաժինը, որպես ընկերության վարչության անդամ զգալի աշխատանք կատարել Երևանի բժշկական ընկերության գործունեության ծավալման ուղղությամբ: Մահացել է 1935թ., Երևանում:
1865թ., 145 տարի առաջ, Թիֆլիսում ծնվել է ճանաչված մանկաբույժ, բ.գ.դ., Վրաստանի գիտության վաստակավոր գործիչ Ներսես Ումիկովը: 1891թ. ավարտել է Խարկովի համալսարանի բժշկական ֆակուլտետը: Երեք տարի աշխատել է նույն համալսարանի հիգիենայի ամբիոնում: Ներքին գործերի նախարարությունում ծառայել է որպես կրտսեր բժիշկ, ապա կատարելագործվել Սանկտ Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիայում: Մասնակցել է համաճարակների դեմ մղվող պայքարին Վրաստանում, Վիտեբսկում և Ֆինլանդիայում: 1895թ.պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը: Երկու տարի անց տեղափոխվել է Թիֆլիս, որտեղ ապրել և աշխատել է մինչև կյանքի վերջը: Ողջ էությամբ նվիրվել է մանուկների բուժման գործին: Նրա ջանքերի շնորհիվ Վրաստանում ստեղծվել է ՙԲելայա ռոմաշկա՚ հակատուբերկուլոզային ամբուլատորիան և առաջին մանկական հիվանդանոցը: Այդ հիվանդանոցի բազայի վրա հետագայում հիմնադրվել է Թբիլիսիի բժշկական ինստիտուտի մանկական հիվանդությունների կլինիկան: Արժեքավոր մի շարք գիտական աշխատանքների հեղինակ է: Մահացել է 1956թ., Թբիլիսիում:
1870թ., 140 տարի առաջ, Կեսարիայում ծնվել է ճանաչված բժիշկ-ռենտգենաբան Միհրան Ղասաբյանը: 1887թ. ավարտել է «Արգեոս» բարձրագույն վարժարանը և դասավանդել հայկական դպրոցներում: 1894-1898թթ. սովորել և ավարտել է Ֆիլադելֆիայի (ԱՄՆ) բժշկավիրաբուժական քոլեջը: Որպես զինվորական բժիշկ մասնակցել է իսպանաամերիկյան պատերազմին: 1903-ից աշխատել է Ֆիլադելֆիայի հիվանդանոցում: Մշակել է չարորակ ուռուցքների ռենտգենյան ճառագայթներով բուժման եղանակ: Նրա ջանքերի շնորհիվ քոլեջում սկսել են դասավանդել «ռենտգենաբուժություն» նոր առարկան, իսկ մեկ տարի անց ստեղծվել է նույնանուն ամբիոնը, որտեղ ինքն է կարդացել առաջին դասախոսությունները: Մեծ ճանաչում է ստացել, երբ ԱՄՆ նախագահ Մակ-Քինլիի դեմ կատարված մահափորձից հետո իր սարքով նրա ողնաշարում հայտնաբերել է երկու գնդակ: 1904թ. ընտրվել է Ֆիլադելֆիա քաղաքի բժիշկների միության նախագահ, 1907-ին` Նյու Յորքի բժշկական միության առաջին նախագահ: Մի շարք արժեքավոր աշխատությունների, այդ թվում` դասագրքերի հեղինակ է, որոնք թարգմանվել են եվրոպական բազմաթիվ լեզուներով: իտնականը դարձել է իր մասնագիտության զոհը` 1910թ. մահացել է ռենտգենյան ճառագայթներից ստացված այրվածքներից:
1870թ., 140 տարի առաջ, Շուշիում ծնվել է առողջապահության կազմակերպիչ և պետական գործիչ Սարգիս (Սաքո) Համբարձումյանը: 1909թ. ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը: Ակտիվորեն մասնակցել է սոցիալ-դեմոկրատական կազմակերպության աշխատանքներին, որի համար երկու անգամ պարգևատրվել է: 1910-1917թթ. Շուշիում զբաղվել է բժշկությամբ: Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո Ղարաբաղում տարել է պետական ու կուսակցական աշխատանքներ: 1921թ. նշանակվել է ՀԽՍՀ առողջապահության ժողկոմ: 1922թ. ընտրվել է Հայաստանի Կենտգործկոմի նախագահ, 1925-1929թթ.` ժողկոմխորհի նախագահ: 1929-1944թթ. աշխատել է Մոսկվայում: Եղել է ՀԿԿ ԿԿ բյուրոյի և Անդրֆեդերացիայի կենտգործկոմի անդամ: Մահացել է 1944թ., Մոսկվայում:
1880թ., 130 տարի առաջ, Ադրբեջանի Ելիզավետպոլ քաղաքում ծնվել է թերապևտ, առողջապահության հմուտ կազմակերպիչ Սիմեոն Լազարևը: 1906թ. ավարտել է Խարկովի համալսարանի բժշկական ֆակուլտետը և մի քանի տարի աշխատել Բաքվում: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է գործող բանակում որպես զինվորական բժիշկ: Զորացրվելուց հետո աշխատանքի է անցել Ալեքսանդրապոլում: 1922թ. նշանակվել է Հայաստանի առողջապահության ժողկոմ: Այդ պաշտոնում դրսևորել է իրեն որպես առողջապահության տաղանդավոր կազմակերպիչ: Կարճ ժամկետում ստեղծվել է առժողկոմատի ղեկավար ապարատ, գավառների գործկոմների առբաժիններ, ապահովել դրանք բժիշկ մասնագետներով: Նրա ջանքերի շնորհիվ Հայաստանում ստեղծվել են բուժկանխարգելիչ- բժշկագիտական մի շարք հիմնարկներ, մեծ թափ է ստացել առողջարանային շինարարությունը: 1928թ. տեղափոխվել է Մոսկվա, զբաղեցրել տարբեր պաշտոններ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերություններում: Մինչև 1937թ. նա բժշկական մեծ հանրագիտարանի խմբագրական կոլեգիայի անդամ էր: 1937-1955թթ. եղել է աքսորում, ապա արդարացվել է: Մահացել է 1959թ.: Նրա անունով է կոչվում Արզնու N1 առողջարանը:
1880թ., 130 տարի առաջ, Շուշիում ծնվել է ֆթիզիատոր, բ.գ.դ. Գրիգոր Սաղյանը: Ավարտել է Բեռլինի համալսարանի բժշկական ֆակուլտետը, որոշ ժամանակ աշխատել է տեղի կլինիկաներում, ապա պաշտպանել դոկտորական ատենախոսություն: 1909թ. տեղափոխվել է Բաքու և աշխատել տարբեր հիվանդանոցներում: 1918թ. եկել է Հայաստան: Զբաղեցրել է որբանոցային գործերի և գաղթականների ու որբերի տեղավորման հանձնաժողովի նախագահի պաշտոնը: 1921թ. տեղափոխվել է Դիլիջան, որտեղ զբաղվել է տուբերկուլոզով հիվանդների բուժման գործով, հիմնել մանկական տուբերկուլոզային առաջին դիսպանսերը: 1923-1924թթ. աշխատել է որպես Աբասթումանի հակատուբերկուլոզային առողջարանի տնօրեն: Նրա նախաձեռնությամբ ու մասնակցությամբ Դիլիջանում սկսել են գործել երկու առողջարաններ, շահագործման է հանձնվել II հակատուբերկուլոզային հիվանդանոցը, որը 1965-ից կրում է նրա անունը: Երևանում կազմակերպել և ղեկավարել է հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսեր ԳՀ ինստիտուտը և Նորքի մանկական առողջարանը: Անվանի բժիշկ-գիտնականը 1937թ. դարձել է ստալինյան ոճրագործությունների զոհ:
1885թ., 125 տարի առաջ, Շուլավերում ծնվել է բ.գ.դ, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Արտաշես Մելիք-Ադամյանը: 1911թ. ավարտել է Խարկովի համալսարանի բժշկական ֆակուլտետը և աշխատել նույն համալսարանի կլինիկայում որպես օրդինատոր, ապա` ամբիոնի ասիստենտ: 1925թ. հրավիրվել է Երևան և նշանակվել պետհամալսարանի բժշկական ֆակուլտետի ֆակուլտետային թերապիայի ամբիոնի վարիչ: 1936-1937թթ. եղել է Երևանի բժշկական ինստիտուտի պրոռեկտորը: 1937թ պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը: 1944թ. նրա ղեկավարությամբ և մասնակցությամբ հիմնադրվել է ԱՆ գիտաբժշկական խորհուրդը, որի գործունեությունը ղեկավարել է մինչև կյանքի վերջը: Մեծ ծառայություններ է մատուցել Հայաստանի բուժավայրերի և հանքային ջրերի ուսումնասիրության գործում, բժշկագիտության, կադրերի պատրաստման գործում: Նրա անունով է կոչվել Երևանի կենտրոնական փողոցներից մեկը և քաղաքային N1 կլինիկական հիվանդանոցի թերապևտիկ բաժանմունքը: Մահացել է 1949թ., Երևանում:
Կարդացեք նաև
84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...
Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...
Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...
Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...
Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Մաշտոցի պողոտայով զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների կողքով...
Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...
Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...
Բժիշկ Կարպիս Հարպոյեան
Մոնրէալ, 24 Յուլիս 2022
Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...
ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...
Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...
Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն